fbpx

Ի՞նչ է խաչակնքումը և ինչո՞ւ ենք խաչակնքում

Ի՞նչ է խաչակնքումը և ինչո՞ւ ենք խաչակնքում !

«Բայց այդ նշանը միշտ դիր. երբ ուտում ես, երբ խմում ես, ամեն տեսակ նպատակի դեպքում, ամեն տեսակ բաժակի վրա անպակաս արա, թե՛ նստելիս, թե՛ կանգնելիս, թե՛ խոսելիս, թե՛ շրջելիս, թե՛ անկողին մտնելիս»: (Ս. Կյուրեղ Երուսաղեմացի)

Երեք մատը (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացնում ենք միմյանց, դա խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Մյուս երկու մատները (ճկույթն ու մատնեմատը) միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը: Այս անելով՝ յուրաքանչյուր քրիստոնյա նշան է դնում՝ Քրիստոսի նշանը, քրիստոնեության նշանը:

Ինչպե՞ս խաչակնքել
ԽԱՉԱԿՆՔՈՒՄ

Խաչակնքում են աջ ձեռքով`«Հանուն Հոր»: Ձեռքը տանում ենք դեպի վեր: Ճակատը դրոշմելով` խորհրդանշում ենք կյանքը: Խաչակնքելիս ձեռքն առաջինը տանում ենք դեպի վեր՝ ասելով, որ մեր միտքը գամվեց խաչի վրա: Ձեռքը տանելով դեպի ճակատը հիշում ենք նաև, որ երկնքում էինք:

«Եվ Որդվո »։ Ձեռքն իջեցնում ենք ներքև՝ դեպի կուրծքը: Ձեռքն իջեցնելով կրծքին՝ խորհրդանշում ենք մահը և մտաբերում, որ երկիր ընկանք: Նաև՝ երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև՝ ցանկանում ենք ասել, որ այլևս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ, այլ` Քրիստոս:

«Եվ Հոգվույն»։Ձեռքը տանում ենք դեպի ձախ: Կրծքի ձախ կողմը նշան դնելով՝ խորհրդանշում ենք այս աշխարհի կյանքը: Նշում ենք, որ ձախակողմյան (մեղավորների դասում) եղանք:

«Սրբո»։ Ձեռքը տանում ենք դեպի աջ: Կրծքի աջ կողմը նշան դնելով՝ խորհրդանշում ենք հանդերձյալ կյանքը, բայց հաստատում ենք, որ արդարների դասում ենք ցանկանում լինել:

«Ամեն»։ Ձեռքը բացված տանում ենք դեպի սիրտը՝ ասելով «Ամեն», այսինքն՝ ճշմարիտ է, հաստատում ենք այս ամենը: Խաչակնքելով՝ խորհրդանշում ենք Բանն Աստծու երկնքում լինելն ու երկիր իջնելը և դժոխքն ավերելը, որը ձախակողմյանների տեղն է, և դարձյալ Հոր աջ կողմում նստելը:

 

Ո՞րն է խաչակնքման խորհուրդը:

Խաչակնքել՝ նշանակում է Ավետարանական ամբողջ ճշմարտությամբ կնքվել: Քրիստոնյան խաչակնքում է աղոթելիս, գործ սկսելիս, եկեղեցի մտնելիս կամ սրբապատկեր տեսնելիս, վտանգի ժամանակ կամ գործի բարեհաջող ավարտի դեպքում: 1-2-րդ դարերում քրիստոնյաները խաչակնքում էին նաև միմյանց հանդիպելիս:

Խաչի վերին մասը ցույց է տալիս Երկնքի Արքայության բացվելը, ստորին մասը՝ դժոխքի ավերումը, աջը՝ շնորհների բաշխումը, իսկ ձախը՝ մեղքերի թողությունը: Քառաթև խաչը խորհրդանշում է նաև չորս առաքինությունները, որոնց վրա պետք է տարածենք մեր ներքին մարդուն. վերին մասը նշանակն է սիրո, ստորինը՝ խոնարհության, աջը՝ հնազանդության, իսկ ձախը՝ համբերության:

Եկեղեցու կողքով անցնելիս անպայմա՞ն է խաչակնքել

Եկեղեցու կողքով անցնելիս խաչակնքելը գեղեցիկ բարեպաշտական սովորույթ է, որ սակայն պարտադիր պայման չէ քրիստոնեական գիտակցության և փրկության տեսանկյունից։

Ինչո՞ւ են որոշ քրիստոնյաներ խաչակնքելիս ձեռքը աջից ձախ տանում, որոշները՝ ձախից աջ

Խաչակնքման տարբերությունը՝ աջից ձախ և ձախից աջ, մշակութային առանձնահատկություն է և հատուկ հակասություն փնտրել պետք չէ։ Ուղղափառ եկեղեցու հետևորդները, ինչպես, օրինակ, ռուսները, խաչակնքելիս հորիզոնական շարժման ժամանակ ձեռքը տանում են հակառակ ուղղությամբ` աջ և հետո` ձախ:

Սրա բացատրություններից մեկն այն է, որ երբ արտասանում ենք «և Հոգվույն Սրբո», «Հոգվույն» բառի արտասանության ժամանակ ձեռքը հպում ենք սրտին, քանզի սրտով ենք զգում, նաև սրտի զգայարանի միջոցով է ներգործում Սուրբ Հոգին: Ռուս քրիստոնյաները խաչակնքելիս ասում են «և Սրբո Հոգվույն», այսինքն` «Հոգի» բառը վերջում են արտասանում, դրա համար էլ ձեռքը վերջում են տանում ձախ` դեպի սիրտը:

 

 

 

Վերև