fbpx

Եկեղեցու կառուցվածքը

Եկեղեցու կառուցվածքըԵկեղեցիներն իրենց կառուցվածքով լինում են բազիլիկ, խաչաձև, բոլորաձև. Ի՞նչ խորհուրդ ունեն յուրաքանչյուրը: Եկեղեցական ճարտարապետության մեջ խորհուրդ ունի հատկապես եկեղեցիների խաչաձև հիմքը, ինչը նշանակում է, որ Եկեղեցին հիմնված է Քրիստոսի՝ խաչելությամբ իրագործված փրկագործությամբ: Բազիլիկ եկեղեցիները համեմատաբար առավել վաղ շրջանի եկեղեցիներ են, որոնք պարզապես ավելի պարզ կառույց ունեն: Սակայն եկեղեցական ճարտարապետությունը միշտ միացած է հոգևոր-կրոնական խորհրդանշաններին: Եկեղեցու քարերը, որ շաղախով միանում ու եկեղեցու կառույցն են կազմում, խորհրդանշում են տարբեր տարիքի և սեռի մարդկանց, որոնք, միանալով իբրև հավատացյալներ, կազմում են Քրիստոսի Եկեղեցին: Եկեղեցիների դուռը հիմնականում բացվում է դեպի արևելք, և եկեղեցիների խորանը, որի վրա մատուցվում է պատարագը, լինում է արևելյան կողմում, որովհետև, ըստ Աստվածաշնչի, Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է արևելքից։ Բացի դրանից արևելքը հոգևոր լույսի, լուսավորության խորհրդանիշն է: Եկեղեցիները կառուցվում են հիմնօրհնեքի արարողությամբ, այսինքն՝ օրհնվում են եկեղեցու հիմքերը և հիմքերի մեջ տեղադրվում են քարեր` Ավետարանիչների, առաքյալների, Պողոս Առաքյալի և Գրիգոր Լուսավորչի անուններով, ինչը նշանակում է, որ Եկեղեցին հիմնված է առաքյալների, մարգարեների, Քրիստոսի ուսուցման հիմքի վրա: Եկեղեցու ներսի սյուները խորհրդանշում են առաքինությունները, իսկ սյուները միացնող կամարները` սերը, որով գործվում են առաքինությունները: Սլացիկ գմբեթը ցույց է տալիս դեպի երկինք բարձրանալը, և գմբեթների վրա խաչի զետեղումը` խաչով, խաչի զորությամբ Եկեղեցու պսակված լինելը: Եկեղեցական հեղինակները եկեղեցին իր խորհրդով նմանեցնում են նոյյան տապանին. ինչպես որ տապանում պատսպարվողները փրկվեցին ջրհեղեղից, այնպես էլ եկեղեցու ներսում գտնվողները, այս ալեկոծ կյանքի հորձանքները հաղթահարելով, փրկության են արժանանալու: Եկեղեցական շինությունը ոմանք դիտում են որպես միայն ճարտարապետական կառույց: Սակայն եկեղեցին իր բուն էությամբ վեր է սոսկ ճարտարապետական կառույց լինելու իրողությունից և այն վայրն է, որտեղ աստվածային ներկայությունն է, որտեղ երկնային շնորհները տրվում են հավատացյալներին աղոթքների, եկեղեցական խորհուրդների, արարողությունների միջոցով: