fbpx

Եկեղեցու ճարտարապետությունը

ԵԵկեղեցու ճարտարապետությունըկեղեցու ճարտարապետական դիմագիծը կարո՞ղ է ուղիղ կապ ունենալ հավատքի, դավանանքի ուղղության հետ: Եկեղեցական կառույցներն արտահայտությունն են նաև տվյալ ժողովրդի կրոնական դավանության, հոգևոր ապրումների ու ըմբռնումների: Մեր եկեղեցիները համեմատաբար ավելի պարզ են, երբեմն ավելի ցածր, քան եվրոպական հսկայական տաճարները: Հայկական եկեղեցիներում մարդը չի փոքրանում եկեղեցական շինության մեծության ու բարձրության մեջ, այլ Աստծո տուն մուտք գործած լինելու տպավորությունն է ունենում: Ուղղափառ կամ կաթոլիկ դավանության եկեղեցիները հաճախ լինում են խիստ բարձր և երբեմն նույնիսկ ծանրաբեռնված պատկերաքանդակներով ու արձաններով թե՛ եկեղեցու արտաքին պատերին և թե՛ եկեղեցու ներսում: Այստեղ մարդն ավելի փոքր է թվում եկեղեցու հսկա տարածության մեջ: Բացի դրանից, այդ եկեղեցիներին հատուկ է շքեղազարդումը, որը երբեք մաս չի կազմել հայ եկեղեցական ճարտարապետության: Հայկական եկեղեցիները, կարելի է ասել, իրենց մեծությունն ու վեհությունը ցույց են տալիս իրենց պարզության մեջ: Այսօր, իհարկե, եկեղեցական ճարտարապետությունը նաև արդիական կառույցներ է կերտում, և աշխարհի տարբեր երկրներում, ավանդական Եկեղեցիներից առավելաբար Կաթոլիկ Եկեղեցում կարող ենք տեսնել արդիական ճարտարապետության դրսևորումներ, ինչը, սակայն, չի արվում եկեղեցական ճարտարապետության ավանդական ըմբռնմանը դեմ գնալու հաշվին: Ներկայումս հայ եկեղեցական ճարտարապետությունը ևս կարող է զարգացումներ ապրել, նորովի եկեղեցական շինությունների նախագծեր ներկայացնել` նոր, արդիական լուծումներով, բայց հավատարիմ մնալով հայ ճարտարապետության նվիրագործված ավանդույթներին: