fbpx

Եկեղեցին կարո՞ղ է նպաստել մշակութային զարգացմանը

Եկեղեցին կարո՞ղ է  նպաստել մշակութային զարգացմանըԵկեղեցին կարո՞ղ է նպաստել երկրի ոչ միայն հոգևոր, մշակութային, այլև տնտեսական, քաղաքական առումով զարգացմանը: Եկեղեցու հիմնական առաքելությունը հոգևոր է: Եկեղեցին ծառայություն է իրականացնում մարդու փրկության, հավիտենական կյանքին պատրաստելու, աստվածային շնորհները բաշխելու` այս կյանքի ընթացքի համար կանոններ կարգելով, հորդորներ տալով, մարդուն կատարելության և նույնիսկ սրբացման առաջնորդելով: Այս իմաստով Եկեղեցին հիմնականում նպաստում է հոգևոր զարգացմանը, իսկ մշակույթը միջոց է այդ նպատակի համար: Ճիշտ է ասված, որ կրոնը համր է առանց մշակույթի: Այստեղ գիրն ու գրականությունը, երաժշտությունը, ճարտարապետությունն ու արվեստը, նկարչությունը Եկեղեցու լեզուն են, որով Եկեղեցին խոսում է իր հավատացյալների հետ: Եվ սրանով է, որ անքակտելի է Եկեղեցու ու մշակույթի կապը, քանի որ մշակույթը նաև Եկեղեցու արտահայտչաձևերից մեկն է: Ինչ վերաբերում է տնտեսական և քաղաքական զարգացմանը, ապա Եկեղեցին ուղղակիորեն անելիք չունի այս բնագավառներում: Քրիստոսի հեղինակությունից ևս զգուշանում էին քաղաքական լծակներ ունեցողները, սակայն Քրիստոս ասաց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ»: Ուրեմն, Եկեղեցին ուղղակիորեն չի կարող առնչություն ունենալ այս աշխարհի թագավորության գործառույթների հետ: Իհարկե, պետականության բացակայության պայմաններում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին է, որ նաև աշխարհաքաղաքական իրողություններում առաջնորդել է իր ժողովրդին, ստանձնել այլ պետությունների հետ հայ ժողովրդի համար բանակցողի, հայրենիքում ազգային կյանքի կարգավորության, այլև ազատության ու անկախության համար անհրաժեշտ նախաձեռնողի դերը: Բայց Եկեղեցին միշտ գիտակցել է, որ իր հիմնական առաքելությունը հոգևոր է, մարդկանց փրկության առաջնորդելն է, Քրիստոսի Ավետարանն ուսուցանելը: Քաղաքական և տնտեսական բնագավառների զարգացման կամ բարելավման համար Եկեղեցին իր ազդեցությունն է բերում հոգևոր ոլորտի միջով` քրիստոնեական դաստիարակությամբ կրթելով, աստվածային շնորհներով վերափոխելով մարդկանց, որպեսզի լինեն ազնիվ ու արդար, բարեսեր ու ողորմած, առաքինի և ծառայասեր: Աստծո օգնականությամբ և այս հատկությունների զորացումով քաղաքական ու տնտեսական կյանքում էլ կարձանագրվեն բարի արդյունքներ: