fbpx

Հայաստան

Ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին
Ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան թուրքիայում
Արցախի Հանրապետություն. պատմություն և այժմեականություն
Ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին

Պաշտոնական անվանումը`  
Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), կարճ` Հայաստան

Դրոշը
Կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից` ներքև) հորիզոնական հավասար շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ` լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ

Զինանշանը
Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Օրհներգը
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի առաջին հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը: 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:

Պետության գլուխ
Նախագահ

Օրենսդիր մարմինը
Միապալատ Ազգային ժողով

Պետական լեզուն
Հայերեն (պատկանում է հնդեվրոպական լեզվախմբին)

Մայրաքաղաքը
Երևան (համայնքի կարգավիճակով)

Վարչական միավորը
Մարզ (ընդհանուր քանակը` 10),Համայնքներ (ընդհանուր քանակը` 502) այդ թվում`
քաղաքային` 49, որում` ք.Երևանն իր 12 վարչական շրջաններով

Ազգային արժույթը
Դրամ (միջազգային նշանակումը AMD), շրջանառության մեջ է դրվել 1993թ. նոյեմբերից

Աշխարհագրական տեղեկություններ

Երկիրը գտնվում է Ասիայի արևմտյան մասում, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում`
Կովկասի և Առաջավոր Ասիայի միջև (Կուր և Արաքս գետերի միջին հոսանքների միջգետային տարածք)

Տարածքը
29743 քառ. կմ 

Միջին բարձրությունը ծովի մակերևույթից
1800 մ (երկրի տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա)

Պետական սահման
Հյուսիսում` Վրաստանի հետ,
Արևելքում ` Ադրբեջանի հետ,
Արևմուտքում և հարավ-արևմուտքում ` Թուրքիայի հետ,
Հարավում` Իրանի հետ

Առավելագույն ձգվածությունը
Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք` 360 կմ
Արևմուտքից արևելք` 200 կմ

Ցամաքի ամենացածր կետը
Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375 մ

Լեռներ, բարձրավանդակներ
36.4 % (ՀՀ տարածքի)

Ամենաբարձր կետը   
Արագած լեռան գագաթ` 4090 մ

Բարձր լեռնագագաթներ
Կապուտջուղ` 3906 մ
Աժդահակ` 3598 մ
Սպիտակասար` 3555 մ
Վարդենիս` 3522 մ

Ջրային պաշարներ
տարեկան` 8.5 մլրդ.խմ, որից 6.54 մլրդ.խմ-ը` մակերեսային հոսք

Խոշոր գետեր (ՀՀ սահմաններում)
Արաքս` 158 կմ
Ախուրյան` 186 կմ
Որոտան` 111 կմ
Դեբեդ` 154 կմ
Հրազդան` 141 կմ
Աղստև` 81 կմ

Լճեր
Սևան (առ 31.12.2010թ.) մակերեսը 1270.8 կմ2, (Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը), բարձրությունը ծովի մակերևույթից 1899.90 մ

Արփի` մակերեսը՝ 22.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2021 մ

Սև` մակերեսը՝ 2.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2666 մ

Ակնա` մակերեսը՝ 0.80 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3032 մ

Միջին ջերմաստիճանը
հունվարին -2.3 C
հունիսին +16.3 C

Տեղումների քանակը
652.6 մմ

Ժամանակը
Ըստ Գրինվիչի միջին ժամանակին +4 ժամ

Կլիմա
 Չոր, ցամաքային

Ժողովրդագրական տեղեկություններ

Բնակչությունը
2018թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 972 732 մարդ

Էթնիկ կազմը
Հայեր (98,1%), եզդիներ, ռուսներ, ասորիներ, ուկրաինացիներ, քրդեր, հույներ, հրեաներ, վրացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ (ըստ ՀՀ 2011թ. մարդահամարի արդյունքների)

Կրոնը
Քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի), որին դավանում է բնակչության մեծամասնությունը

Այլ տեղեկություններ

1990թ. օգոստոսի 23-ին

Ընդունվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը

1991թ. սեպտեմբերի 21-ին

Անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հանրաքվե

1991թ. դեկտեմբերի 21-ին

Հայաստանը դարձել է Անկախ պետությունների համագործակցության անդամ

1992թ. հունվարի 30-ին

Հայաստանը դարձել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ

1992թ. մարտի 2-ին 

Հայաստանը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ

1992թ. մայիսի 28-ին

Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ

1992թ. մայիսի 15-ին

Հայաստանը դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ

1992թ. հունիսի 25-ին

Հայաստանը դարձել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ

1992թ. սեպտեմբերից

Հայաստանը դարձել է Համաշխարհային բանկի անդամ պետություն

2001թ. հունվարի 25-ին

Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ

2003թ. փետրվարի 5-ին

Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ

2012թ. հոկտեմբերի 13-ին

Հայաստանի Հանրապետությունը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

2014թ. հոկտեմբերի 10-ին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը

2017թ. նոյեմբերի 24-ին

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան թուրքիայում

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերեւս Հայոց ցեղասպանությունը ծրագրաված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիվը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որեւէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետեւաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ եւ այլն:

Արցախի Հանրապետություն. պատմություն և այժմեականություն

Պատմական տվյալներ

Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի եւ այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաեւ պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը:

Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387թ.) Արցախը կազմում է Արեւելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Պարսկաստանի տիրապետության տակ: Այդ շրջանում Արցախը Հայկական մարզպանության, այնուհետեւ` արաբական տիրապետության ժամանակաշրջանում Արմենիա կուսակալության մաս էր կազմում: Արցախը մաս է կազմել Հայկական Բագրատունյաց թագավորության (9-11դդ.), ապա Զաքարյանների հայկական իշխանության (12-13դդ.):

Հաջորդած դարերում Արցախը հայտնվել է այլեւայլ նվաճողների վերահսկողության ներքո` մնալով հայկական եւ ունենալով կիսաանկախ կարգավիճակ: XVIII դարի կեսերից սկսվում է թուրք քոչվոր ցեղախմբերի ներթափանցումը Արցախի հյուսիս, ինչը հանգեցնում է ընդհարումների տեղաբնիկ հայերի հետ: Այդ ժամանակաշրջանում հիշարժան են որոշակի ինքնիշխանության հասած հինգ (Խամսայի) հայկական մելիքությունները, որոնք իրենց ծաղկման եւ հզորության գագաթին հասան XVIII դարի ավարտին: 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին` 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախ -Ղարաբաղն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ:

Մինչխորհրդային ժամանակաշրջան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղը բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ եւ կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչեւ 1920թ. ապրիլը Ադրբեջանի եւ նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ եւ ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց եւ տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:

1919թ. օգոստոսին Ղարաբաղը եւ Ադրբեջանը` ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:

Հիշարժան է միջազգային հանրության արձագանքը: Ազգերի լիգան մերժել է Ադրբեջանի անդամության դիմումն այն պատճառաբանությամբ, որ դժվար է որոշել պետության հստակ սահմանները եւ այն տարածքները, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության ներքո: Ի թիվս այլ վիճելի խնդիրների եղել է նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Տարածաշրջանի խորհրդայնացման հետեւանքով հիմնախնդիրը դուրս մնաց միջազգային կառույցների օրակարգից

Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիներին (1920-1990)

Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ: Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճելի տարածք է ճանաչվում նաեւ Խորհրդային Ռուսաստանի կողմից: 1920թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը (Հեղափոխական կոմիտե - այն ժամանակվա բոլշեւիկյան իշխանության գլխավոր մարմին) իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս:

Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը` հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի եւ Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանանելի մաս:

Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության եւ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջեւ համաձայնության հիման վրա` 1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս:

Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մամուլում («Բաքվի աշխատավոր», Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան, 1921թ. հունիսի 22): Այսպիսով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման իրավական ամրագրումը: Միջազգային իրավունքի եւ նորմերի համատեքստում (միջազգային իրավական իմաստով), կոմունիստական վարչակարգի ընթացքում սա եղավ վերջին օրինական ակտը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Անտեսելով իրողությունը, 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նունպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով եւ Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը եւ ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու եւ այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որեւէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ադրբեջանական եւ Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ:

Սակայն ողջ խորհրդային ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեք չհաշտվեց այդ որոշման հետ եւ տասնյակ տարիներ շարունակաբար պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար:

Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լինելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր եւ հետեւողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը դրսեւորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ-ի հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական կոթողների եւ մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խտրականությունն իր ազդեցությունն ունեցավ նաեւ Ղարաբաղի բնակչության վրա եւ դարձավ վերջինիս գաղթի հիմնական պատճառը: Արդյունքում, Ղարաբաղի բնակչության հարաբերակցությունը փոփոխվեց. եթե 1923 թվականին հայերը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակչության 94,4 տոկոսը, ապա 1989թ. տվյալներով հայերի թիվը նվազել է մինչեւ 76,9 տոկոս: Հայաթափման քաղաքականությունն առավել հաջող ընթացավ մեկ այլ հայկական տարածքում` Նախիջեւանում:

ԼՂԻՄ-ի ժողովուրդը եւ Հայկական ԽՍՀ իշխանությունները Ղարաբաղն Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու որոշումը վերանայելու խնդրանքով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներ են հղել, որոնք անտեսվել են կամ մերժվել, պատճառ դառնալով նախաձեռնողների հանդեպ կիրառվող հալածանքների: Նշված դիմումների թվում են Հայկական ԽՍՀ Կառավարության եւ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 1945թ. դիմումը ԽՍՀՄ կառավարությանը եւ Համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, 1963թ. ԼՂԻՄ ազգաբնակչության ավելի քան 2,5 հազար, իսկ 1965թ. ավելի քան 45 հազար ստորագրությամբ նամակները` հասցեագրված ԽՍՀՄ ղեկավարությանը, 1977թ. ԽՍՀՄ նոր Սահմանադրության համաժողովրդական քննարկումների շրջանակում ԼՂԻՄ աշխատանքային կոլեկտիվների առաջարկությունները:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին եւ ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղում եւ հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի եւ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:

Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձեւերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները եւ վարել խաղաղ բանակցություններ:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ եւ Մարտունի ու Մարտակերտի շրջանների արեւելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր:

Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Վերջին տասնամյակում հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկած մի քանի տարբերակներ մերժվել են Ադրբեջանի կողմից. վերջինը 2001 թվականի «Փարիզյան սկզբունքներն» էին, որոնք ամփոփվել էին կողմերին ներկայացված Քի Վեստի փաստաթղթում:

Ներկայումս բանակցություններն ընթանում են 2007թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

***

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափով տարվող բանակցություններին եւ դրանք Մինսկի գործընթացի շրջանակներում ընթանալու պայմանավորվածություններին, Ադրբեջանը` խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետեւանքների բուն պատճառները, նաեւ փորձեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների եւ բանակցային գործընթացը խոչընդոտող եւ քարոզչական նպատակներ հետապնդող զուգահեռ գործընթացներ է նախաձեռնում մասնավորապես ՄԱԿ ԳԱ-ում եւ Եվրոպայի խորհրդում:

Ադրբեջանի վարած ռազմատենչ ագրեսիվ քարոզչությունը եւս կասկածի տակ է դնում փոխզիջումային կարգավորման հասնելու Ադրբեջանի ցանկությունը, հայտարարությունները, ստանձնած հանձնառություններն ու դրանց լրջությունը: Ադրբեջանը նավթային եկամուտներից ստացված գումարները շարունակում է ուղղել ռազմական բյուջեի ավելացմանը եւ մեծ քանակությամբ հարձակողական սպառազինությունների ձեռքբերմանը` կոպտորեն ոտնահարելով անվտանգության եւ ռազմաքաղաքական ոլորտի մի շարք համաձայնագրեր եւ պարտավորություններ: Ըստ էության, Ադրբեջանը տապալում է նաեւ կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված տնտեսական, քաղաքական, ռազմական եւ հումանիտար բնույթի բոլոր նախաձեռնությունները: Մասնավորապես Ադրբեջանը մերժում է տարածաշրջանային համագործակցություն ծավալելու հայկական կողմի եւ շփման գծից դիպուկահարների հետքաշման Մինսկի խմբի համանախագահների կատարած առաջարկությունները:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը

Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության: Հայաստանը գտնում է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի հետեւյալ սկզբունքների վրա.

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը,
  • Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտվող անխափան ցամաքային կապ,
  • Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի:

Այս սկզբունքների ընդունումն ու պայմանագրային ամրագրումը հնարավորություն կընձեռի հասնել հիմնախնդրի համալիր կարգավորմանը:

Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի:

Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը:

Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր: